Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Երեխայի խնամքը

Երեխայի խնամքը

Ջերմությունն իջեցնող շփոիմներ

Մարմնի բարձր ջերմությունը բազմաթիվ հիվանդությունների ախտանշան է: Հետազոտություններով պարզվել է, որ հակամարմինները, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարելու հիվանդությունը, առավելագույնս են արտադրվում, երբ մարմնի ջերմաստիճանը հասնում է 38,5-390C-ի: Սակայն եթե երեխան նախկինում ջերմության բարձրացման ժամանակ ցնցումներ ունեցել է, անհրաժեշտ է ջերմությունն իջեցնող միջոցներ ձեռնարկել: Այնպես որ, մի շտապեք իջեցնել երկու տարեկանից փոքրերի ջերմությունը, եթե այն 37,50C-ից չի անցնում և ինքնազգացողությունը լավ է, իսկ նրանցից մեծ տարիքի երեխաների, ինչպես նաև չափահասների ջերմությունը պետք է իջեցնել, եթե այն 38,50C-ից բարձր է:

 

Շփման միջոցով երեխայի ջերմությունն իջեցնելու ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 20-230C: Թեթևացրեք նրա հագուստը, երբեմն մերկացրեք նրան, ապա մարմինը շփեք գոլ ջրով կամ բժշկական սպիրտի նոսրացված լուծույթով: Շփելու համար կարելի է օգտագործել նաև օղի:

 

Մարմնի ջերմաստիճանը կարելի է իջեցնել նաև քացախով շփելու միջոցով: Քացախը սենյակային ջերմաստիճանի ջրով նոսրացրեք (1:1), այդ լուծույթի մեջ անձեռոցիկը թրջեք, թեթևակի քամեք և շփեք երեխայի ձեռքերը, պարանոցը, կուրծքը, որից հետո նրան փաթաթել պետք չէ: Քացախը գոլորշիանալուց հետո ջերմությունն իջնում է: Անհրաժեշտ է, սակայն, հաշվի առնել երեխայի օրգանիզմի առանձնահատկությունները: Ալերգիայի և հոտերի նկատմամբ զգայունության դեպքում խորհուրդ չի տրվում երեխայի մարմինը շփել քացախով, քանի որ մաշկը կարող է գրգռվել ու ցան առաջանալ, հիվանդության պատկերը փոխվի: 

 

Բարձր ջերմաստիճանի (38,50C և ավելի) դեպքում երեխաների վերջույթները սառն են լինում, ուստի պետք է շփել միայն մարմնի տաք և հատկապես այն հատվածները, որտեղով անցնում են գլխավոր արյունատար անոթները` պարանոցի, աճուկային, անութային փոսերի շրջանները: 

 

Երեխային սովորականից շատ հեղուկներ` ջուր, թեյ, հյութեր, չոր մրգերից պատրաստված կոմպոտներ տվեք, որը կնպաստի նրա օրգանիզմում կուտակված վնասակար նյութերի հեռացմանը: Կրծքով սնվող երեխաներին ավելի հաճախ մոտեցրեք կրծքին: Կաթնախառնուրդներով կերակրելիս դրանք նոսրացրեք:

 

Անհապաղ դիմեք բժշկի, եթե հիվանդության ընթացքում երեխայի վիճակը գնալով վատանում է, նա չի կարողանում խմել կամ կուրծքը ծծել, ջերմությունը բարձրանում է, առկա են անզուսպ փսխումներ, կղանքում արյան հետքեր են նկատվում: Երեխային առանց բժշկի նշանակման ոչ մի դեղամիջոց մի տվեք, հատկապես հակաբիոտիկներ: Դրանք օգտագործվում են միայն ծանր հիվանդությունների ժամանակ` թոքաբորբ, թարախային անգինա և այլն:

 

Երեխայի քթուղիների չորության դեպքում փորձեք նրա քթանցքներն ամեն օր լվանալ բույսերի (երիցուկ, լորենու ծաղիկներ, եզան լեզու, անանուխ) եփուկով, ապա յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցրեք 2-3 կաթիլ ձեթ: 

 

Նորածնային և վաղ մանկական տարիքի երեխաների քթանցքներին կարելի է օրը մի քանի անգամ կաթեցնել ֆիզիոլոգիական լուծույթ, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում. 200 գրամ եռացրած` սենյակային ջերմաստիճանի ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ կերակրի աղ: Ջեռուցվող սենյակում օդը խոնավացնելու նպատակով կարելի է երեխայի գլխավերևում խոնավ սրբիչ կամ սավան փռել:

 

Կոկորդի ողողում


Կոկորդը և բերանի խոռոչը երեխաները կարող են ողողել 3-4 տարեկանից հետո: Նրանց կարելի է կոկորդը ողողել սովորեցնել միայն սեփական օրինակով, պետք է ցույց տալ, թե ինչպես է դա կատարվում, ասել, որ հարկավոր է բերանը ջուր լցնել, կուլ չտալով ու գլուխը հետ թեքելով` արտասանել ՙղ-ղ-ղ՚ հնչյունը: Կոկորդի ողողման համար օգտագործվող լուծույթը պետք է լինի գոլից քիչ տաք: Բորբոքային երևույթների դեպքում արդյունավետ է կերակրի աղի, սոդայի և յոդի խառնուրդը. մեկ բաժակ ջրին ավելացրեք 4 կաթիլ յոդ, կեսական թեյի գդալ կերակրի աղ ու սոդա: Նշիկաբորբի, վերին շնչուղիների բորբոքման, բերանի խոռոչի հիվանդությունների` ստոմատիտի, լնդախտի դեպքում հաճախ ողողման համար օգտագործվում են դեղաբույսերի` երիցուկի, եղեսպակի, տատրակի, հիպերիկոնի թուրմեր. մեկ ճաշի գդալ դեղաբույսի վրա ավելացրեք 200 գրամ եռացրած, սենյակային ջերմաստիճանի ջուր, ապա շոգեբաղնիքի վրա եռացրեք 5 րոպե, 40-50 րոպե թրմեք և քամեք: Յուրաքանչյուր դեղաբույսի թուրմը կարելի Է տալ և' առանձին, և' մյուսների հետ խառնած, բայց այնպես, որ ստացվի մեկ բաժակ ջրին մեկ ճաշի գդալ խառնուրդ: Թուրմը կարելի Է խմեցնել 2-3 թեյի գդալ, յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, անհրաժեշտության դեպքում` ավելացնելով մեղր: Ավելի փոքրահասակ երեխաները կոկորդի ողողում կատարել չեն կարող: Նրանք պետք է խմեն առատ տաք հեղուկներ: 

 

Հեղինակ. Զարինե Կոջոյան մանկաբույժ Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկա
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ